Նախօրեին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն աշխատանքային այցով եղել է Մարտունու և Հադրութի տարածաշրջաններում:
Նոր պտղատեսակներով այգիներ հիմնողները կստանան պետական աջակցություն. գյուղնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ նշելով, որ նախարարը մասնավորապես մասնակցել է Մարտունու շրջանի Ջիվանի, Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների համայնքապետերի 2015 թվականին կատարած աշխատանքների տարեկան հաշվետվություններին;
«Համայնքների ղեկավարների հաշվետվություններից պարզ է դարձել, որ այդ համայնքներում հիմնականում իրականացվել են անհրաժեշտ և նախատեսված աշխատանքները, ինչը և հիմք ընդունելով, համայնքապետերի աշխատանքը գնահատվել է բավարար: Համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է համայնքներում առկա խնդիրներին:
Ա. Մխոյանն առանձնապես կարևորել է ցանքաշրջանառության իրականացումը, նոր պտղատեսակներով այգիների հիմնումը, ինչն իրականացնողները կստանան պետական աջակցություն:
Հատկապես կարևորվել է ոռոգման նոր, ավելի խնայողական և արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտությունը:
Հնչած հարցերը հիմնականում վերաբերվում էին պետության կողմից հողօգտագործողներին ցուցաբերվելիք օժանդակությանը, գյուղնախարարության կողմից իրականացվող նոր քաղաքականությանը, անասունների պատվաստման, տնկիների տրամադրման, մասնագիտական խորհրդատվության, արտադրանքի իրացման, ոռոգման, ջրախնայողության, պարարտանյութերի և սերմնանյութերի տրամադրման, ներհամայնքային ճանապարհների վերանորոգման, վարկային պարտավորությունների մարման խնդիրներին:
Նախարարը պատասխանել է առաջադրված հարցերին և մատնանշել խնդիրների լուծման կոնկրետ ուղիները:
Ա. Մխոյանը փոխնախարար Գևորգ Վերանյանի և ջրային ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է վթարված «Վարանդա-3» ջրամբար, որտեղ ծանոթացել է վերականգնողական աշխատանքների ընթացքին: