Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում միանգամից մի քանի ցույցեր են անցկացվել՝ քաղաքի կենտրոնում կաթվածահար անելով երթեւեկությունը:
Բեռլինում իշխանությունների միգրացիոն քաղաքականության դեմ եւ օգտին ցույցեր են անցկացվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ոստիկանության տվյալներով, կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության եւ փախստականների դեմ բողոքին շուրջ 3 հազար մարդ է հավաքվել: Ակցիայի մասնակիցները «Մերկելը պետք է հեռանա», «Ժողովրդի դավաճան», «Վե՛րջ Մերկելի բռնապետությանը» գրությամբ պաստառներ են պարզել:
Ակցիային մասնակցել են հակաիսլամական «ՊԵԳԻԴԱ» շարժման, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, աջ ծայրահեղականների ներկայացուցիչներ:
Միաժամանակ, կայարանամերձ հրապարակում պատասխան ակցիան է անցկացվել, որը կազմակերպել են արհմիությունները, ձախերն ու հակաֆաշիստները: Այս ցույցին ավելի քան 1000 մարդ է մասնակցել:
Ըստ ՏԱՍՍ-ի, ոստիկանությունը բաժանարար գիծ է կազմել՝ երկու խմբերի բախումը թույլ չտալու համար: Սակայն, իրավապահների փոխանցմամբ, ամեն դեպքում, առանձին բախումներ են գրանցվել ոստիկանների հետ, երբ վերջինները ձախերին թույլ չեն տվել երթ անցկացնել: