Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի լայնամասշտաբ նախահարձակ գործողություններն ահաբեկչություն են Արցախի քաղաքացիների, նրանց ինքնորոշման իրավունքի, Մինսկի խմբի համանախագահ երկրների և բանակցային գործընթացի դեմ:
Ադրբեջանի նախահարձակ գործողություններն ահաբեկչություն են Արցախի ժողովրդի նկատմամբ. Շարմազանով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սա անթույլատրելի, դատապարտելի արարք է, որը պետք է կանխվի հենց միջազգային հանրության կողմից: Որովհետև Ալիևը ցույց տվեց, որ անպատժելիութունը ծնում է նոր հանցագործություններ: Ադրբեջանը ցույց տվեց, որ երբ քթին չի ուտում, նման քայլերի է դիմում»,- նշեց Շարմազանովը:
Շարմազանովը հավելեց, որ Ադրբեջանի նման քայլն ահաբեկչություն է նաև Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նկատմամբ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հանցագործ իշխանությունների նման լկտի և ահաբեկչական պահվածքն արդյունք է նաև միջազգային հանրության ընդհանուր և անհասցե հայտարարությունների և գնահատականների:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը շարունակում է իրականացնել լայնամասշտաբ նախահարձակ գործողություններ: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին:
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: