Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում ադրբեջանական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները հակասում են միջազգային իրավունքի ցանկացած նորմի:
ԵՄ-ն չի կարող լուռ մնալ. եվրապատգամավորն անդրադարձել է ԼՂ-ում սահմանային լարվածությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի ներկայացուցիչ Ժորդի Սեբաստիան:
«Ծանր հրետանու, ուղղաթիռների կիրառումը քաղաքացիական անձանց դեմ վերջին հարձակումների ընթացքում ահավոր քայլ է, որ բերել է անմեղ մարդկանց կորուստների: Միջազգային հանրությունը չի կարող սա թույլ տալ, ԵՄ-ն չի կարող լուռ մնալ»,- նշել է եվրապատգամավորը՝ հավելելով, որ Ադրբեջանի կառավարությանը դատապարտելը և մեկուսացնելը բարոյական և քաղաքական պարտավորություն է:
«Սա այլևս սառեցված հակամարտություն չէ, սա շատ լուրջ խնդիր է տարածաշրջանային խաղաղության համար, որի պատասխանատվությունը պարոն Ալիևի կոռումպացված կառավարության վրա է: Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի կառավարության և խաղաղությանն ուղղված նրա բոլոր ջանքերին»,- ամփոփել է Ժորդի Սեբաստիան:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: