Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակարպության քարտուղարությունը շատ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղ հակամարտության գոտու շփման գծում իրադարձությունների զարգացմանը:
Լայնամասշտաբ հակամարտությունը ոչ ոքի ձեռնտու չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին vesti.ru-ի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Գիշերվա իրադարձությունները կարող են բերել լայնամասշտաբ հակամարտության: Դա ոչ ոքի ձեռնտու չէ, բոլորին անհրաժեշտ է միայն խաղաղություն: Այս հարցով ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումը բազմիցս հնչեցվել է. այն է՝ կրակի դադարեցում և ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորում»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի երկու մարտական ուղղաթիռ, ոչնչացրել երեք տանկ և երկու անօդաչու սարք: ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով: