Ադրբեջանական քարոզիչները այնքան են հրապուրվել, որ լրիվ կտրվել են իրականությունից:
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով հակառակորդի հերթական հաղորդագրությունը՝ այս անգամ իբրեւ Ջերմուկի կողմից Նախիջեւանի տարածքը գնդակոծելու մասին:
«Լավ է, որ Ջերմուկի կողքին ցանկում Վանն ու Արդաղանն էլ չէին: Իրականում պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ»,- նշեց Արկադի Գրիգորյանը:
«Ակնհայտ է միտում՝ քարոզիչների երգչախումբը՝ Իլհամ Ալիեւի ղեկավարությամբ, ինքն իրեն համոզել ու հիմա էլ փորձում է սեփական բնակչությանը համոզել, որ հաղթանակ է տարել Ղարաբաղի ու Հայաստանի նկատմամբ: Նման տեմպերով շուտուվ կարելի է ակնկալել, որ հաղթանակների ցանկում կհայտնվեն ասենք Բուենոս Այրեսի հայերը»,- նկատեց Արկադի Գրիգորյանը: