Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից:
Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր պարտավորություններից. Նալբանդյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Նալբանդյանն անդրադարձել է ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքներին։
«Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթաժողովների եւ նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։
ԱԳ նախարարը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը եւ ընդգծեց նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։