Ադրբեջանական զինուժի կողմից արկակոծության հետևանքով Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքում բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանն ապաքինման փուլում է:
Թշնամու արկակոծությունից վիրավորված 12-ամյա Վարդան Անդրեասյանը հիվանդանոցից շուտով դուրս կգրվի. գլխավոր բժիշկ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն, գլխավոր բժիշկ Մեսրոպ Մարգարյանը, Վարդանի առողջական վիճակը լավ է, հենակների օգնությամբ քայլում է:
«Վարդանի ապաքինման պրոցեսը լավ է ընթանում: Հաջորդ շաբաթ նրան տուն կուղարկենք: Նա դեռ արտաքին ֆիքսացիայի ապարատով է և դրան հարմարվելը դժվար է, դրա համար սպասում ենք ավելի լավ հարմարվի, հետո նոր միայն հիվանդանոցից դուրս գրենք»,- ասաց Մարգարյանը:
Մեր այն հարցին, թե ինչպես է իրեն զգում 11-ամյա Գևորգ Գրիգորյանն, ով արդեն դուրս է գրվել, բժիշկը պատասխանեց, որ չնայած դեռ հենակների օգնությամբ է քայլում, բայց նրա հետ ամեն ինչ կարգին է:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի ուղղությամբ թշնամու կողմից ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ 11-ամյա Գևորգ Գրիգորյանը և 12-ամյա Վարդան Անդրեասյանը վիրավորվել են: 12-ամյա Վարդան Անդրեսյանը երկու անգամ վիրահատվել է, կատարվել է ազդրի արտաքին ֆիքսացիա, իսկ Գևորգ Գրիգորյանի վիրակապումն ամեն անգամ ընդհանուր անեսթեզիա տակ էր անցնում։ Ի դեպ, թշնամու արկակոծության հետևանքով զոհված 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը Գևորգ Գրիգորյանի հարազատ եղբայրն է: