Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ամոթալի է համարում հայտարարություններն այն մասին, որ երկիրը Եվրամիությանը կանդամակցի 3000 թվականից ոչ վաղ:
Անկարան պատասխանել է ԵՄ-ին 3000 թվականին անդամակցելու Քեմերոնի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Haber7 կայքը։
«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կշարունակվի մինչև 3000 թվական, ապա դա ամոթալի է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր նրանց համար, ովքեր նման մտքեր են բարձրաձայնում»,-ասել է Քուրթուլմուշը։
Պաշտոնյայի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչներին նախ պետք է հարցնել, թե ինչ է լինելու ԵՄ-ի հետ 30 տարի անց։
«Մենք կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Սակայն կցանկանայինք ընդգծել, որ Թուրքիան ամենևին էլ ԵՄ-ից կախված չէ»,-ասել է փոխվարչապետը։
Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել էր, որ բանակցությունների նման դանդաղ տեմպերով Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի ոչ վաղ, քան 3000 թվականին։
Բրիտանացի վարչապետը քննադատել էր երկրի զինված ուժերի նախարար, ԵՄ-ից դուրս գալու կողմնակից Փենի Մորդանտին, ով պնդել էր, թե Թուրքիան ԵՄ-ին կանդամակցի առաջիկա 8 տարում։
Քեմերոնը հիշեցրել էր, որ Բրիտանիան, ինչպես Միության մյուս անդամ երկրները, իրավունք ունի վետո կիրառել նոր պետությունների միանալու դեպքում։