Այսօր` հունիսի 28-ին, Մարտակերտի ազատագրման 23-րդ տարեդարձն է:
Մարտակերտում նշում են քաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վաղ առավոտյան Մարտակերտում սկսվել է զինվորական քայլերթը:
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի գլխավորությամբ շրջվարչակազմի պատասխանատու աշխատողները, ազատամարտիկները և քաղաքի բնակիչներն այցելել են Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու զոհված քաջորդիների հիշատակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտակերտի քաղաքապետ Միքայել Գյուրջյանը, ով նույնպես մասնակցել է քաղաքի ազատագրման մարտական գործողություններին նշել է, որ իրենց հայրենի քաղաքը 1993 թվականի այս օրը արյունալի մարտերով ազատագրվեց գրեթե մեկամյա գերությունից:
«Այսօր արյան գնով ազատագրված մեր Մարտակերտը հայաշունչ է և հարկ եղած մինչև վերջին շունչը պահելու ենք մեր քաղաքը»,-ասել է քաղաքապետը:
Մ. Գյուրջյանի հաղորդմամբ` Մարտակերտի ազատագրման օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում երեկոյան տեղի կունենա տոնական համերգ` Մարտակերտի և Շուշիի մշակութային համույթների ներկայացմամբ:
Նշենք, որ 1993 թվականի հունիսի 26-28-ի փայլուն ռազմագործողության շնորհիվ ազատագրվեց Մարտակերտ քաղաքը, որը շուրջ մեկ տարի գտնվում էր հակառակորդի ձեռքում:
Լուսանկարները` Լուսինե Զաքարյանի