Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, ռուսաստանաբնակ բարերար, մոսկովյան «Լուդինգ» ընկերության հիմնադիր և նախագահ, Արթուր Վարժապետյանի կողմից ընդհանու առմամբ 17 մարդատար ավտոմեքենաներ են նվիրաբերվել Արցախի մի շարք գերատեսչությունների, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների համայնքներին, Մարտակերտի շրջանի վանք գյուղի տեղամասային հիվանդանոցին և բազմազավակ ընտանիքների։
Ռուսաստանաբնակ բարերար Արթուր Վարժապետյանի կողմից ավտոմեքենաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել Արցախին
Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ռուսաստանաբնակ բարերար, մոսկովյան «Լուդինգ» ընկերության հիմնադիր և նախագահ Արթուր Վարժապետյանը ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի կապակցությամբ 17 մարդատար ավտոմեքենաներ է նվիրաբերել Արցախի Հանրապետությանը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հասարակայնության ներկայացուցիչներ։
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը ԼՂՀ իշխանությունների անունից ողջույնի և բարերարին ուղղված շնորհակալական խոսքով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նշելով, որ այդ նշանակալի իրադարձությունը հերթական հավաստումն է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության և համազգային խնդիրների շուրջ աշխարհասփյուռ հայության համախմբման, նա նշեց, որ անվանի բարերարը, սկսած 2008 թվականից, հանդես է գալիս Արցախի հանդեպ ամենամյա բարեգործական առաքելությամբ՝ իր ուրույն լուման բերելով նորանկախ հանրապետության զարգացման ու բարգավաճման գործին:
Ի լուր արարողության մասնակիցների հայտարարվեց, որ 2-ական «ՈւԱԶ» և «Շեվրոլետ Նիվա» մակնիշների ավտոմեքենաներ են տրամադրվում ԼՂՀ Պաշտպանության բանակին, համանուն մակնիշների մեկական ավտոմեքենա՝ ԼՂՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությանը, «Ուազ» մակնիշի 2 ավտոմեքենա՝ Ոստիկանությանը, հատուկ նշանակության «ՈւԱԶ» մակնիշի մեկական ավտոմեքենա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Շահումյանի շրջանի Նոր Բրաջուր և Ականաբերդ համայնքներին, Քաշաթաղի շրջանի Միջնավան համայնքին և Մարտակերտի շրջանի Վանք գյուղի տեղամասային հիվանդանոցին։ «Շեվրոլետ Նիվա» մակնիշի մեկ ավտոմեքենա տրամադրվեց ԼՂՀ ԿԱ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության վարչությանը, հատուկ նշակության «ՈԱԶ» մակնիշի մեկական ավտոմեքենա՝ Շահումյանի շրջանի բազմազավակ բնակիչներ՝ 13 երեխայի հայր Շահեն Մարգարյանին և 12 երեխայի հայր Միքայել Միրզոյանին։ Բարերարի հատուկ որոշմամբ մեկ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա է հանձնվել նաև ՊԲ զորամասի հրամանատար, «Տանկային բիաթլոն - 2014» միջազգային առաջնությունում իր գլխավորած անձնակազմով երկրորդ մրցանակային տեղ գրաված գնդապետ Ժիրայր Պողոսյանին։
Միջոցառմանը օրհնության և շնորհակալական խոսք ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Շնորհակալական խոսքով հանդես են եկել նաև զորամասի հրամանատար Ժ. Պողոսյանը և բազմազավակ ընտանիքների հայրերը։
Իր հերթին շնորհակալություն հայտնելով արցախցիներին հերոսության և տոկունության համար, բարերար Ա. Վարժապետյանը խաղաղություն մաղթեց Արցախին՝ հավաստելով, որ նման բարեգործությունները շարունակական են լինելու։