Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը կվիճարկվի մեդալների 12 հավաքածու: Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
Ռիո-2016. Վերջին օրվա ծրագիրը, Հայաստանն ունի 2 մասնակից, Միշա Ալոյանը կմենամարտի ոսկե մեդալի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարի կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, իտալացի 24-ամյա Ֆրանկ Մարկեսի հետ: Հաղթանակի դեպքում 27-ամյա Սաֆարյանը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին:
30-ամյա Գեորգի Կետոեւը եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: Մեկնարկային գոտեմարտերը կսկսվեն Երեւանի ժամանակով 15:30-ից:
Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միշա Ալոյանը 52 կգ քաշային կարգի եզրափակիչում կմենամարտի ոսկե մեդալի համար:
Վերջին օրվանից առաջ Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 42-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 43 ոսկե, 37 արծաթե ու 36 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 27 ոսկե, 22 արծաթե եւ 17 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 26 ոսկի, 18 արծաթ, 26 բրոնզ: Ռուսաստանը դարձյալ շրջանցել է գերմանացիներին եւ 17 ոսկե, 17 արծաթե ու 19 բրոնզե մեդալով բարձրացել չորրորդ տեղ: