Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի վերջին օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Դավիթ Սաֆարյանը (65 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ), որոնք հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
Ռիո-2016. Դավիթ Սաֆարյանի մրցակիցն աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պայքարի կսկսի 1/8 եզրափակիչից եւ կմրցի աշխարհի ու Եվրոպայի գործողչեմպիոն, իտալացի 24-ամյա Ֆրանկ Մարկեսի հետ: NEWS.am-ի փոխանցմամբ՝ հաղթանակի դեպքում 27-ամյա Սաֆարյանը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին:
30-ամյա Գեորգի Կետոեւը եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: