Եվրամիության պատվիրակությունն Անկարայում է՝ Եվրահանձնաժողովի նոր զեկույցի պատրաստման շրջանակում Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման և ԵՄ-ին երկրի անդամակցության ճանապարհին առաջընթացը քննարկելու նպատակով:
ԵՄ պատվիրակությունն Անկարայում քննարկում է Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկման հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է ներքին գործերի և միգրացիայի հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն, գրում է РИА Новости-ն:
«Վիզայի ազատականացման ծրագրի իրականացման հարցում առաջընթացի մասին մեր հաջորդ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերին, ես չեմ կանխատեսի, թե ինչ կլինի այդ զեկույցում»,- ասել է Բերտոն ուրբաթ օրը ճեպազրույցի ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ եթե ԵՄ-ն չչեղարկի վիզային ռեժիմը, Եվրոպայում ներգաղթյալների հարցով լուրջ խնդիրներ կլինեն։
Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։