Ուրուգվայում ընդունված և առհասարակ նման հռչակագրերի ընդունումը կարևոր նշանակություն ունի Արցախի համար:
Նման փաստաթղթերի ընդունմամբ տեղի է ունենում Արցախի միջազգային ճանաչումը. Դավիթ Բաբայանը՝ Ուրուգվայում ընդունված հռչակագրի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով ԼՂ հարցին նվիրված Մոնտեվիդեոյի համաժողովում ընդունված հռչակագրին:
«Նման հռչակագրերի ընդունմամբ տեղի է ունենում Արցախի միջազգային ճանաչումը: Սա շարունակական գործընթաց է, մեկ հռչակագրով ամեն ինչ չի որոշվում, բայց սա շատ կարևոր է, որքան շատ նման իրադարձություններ տեղի ունենան, այնքան ավելի ճանաչելի է դառնում Արցախն աշխարհին: Շատ երկրներ և ժողովուրդներ ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկություններ են ստանում մեր երկրի մասին»:
Հարցին, թե ի՞նչի հետևանք է հեռավոր Ուրուգվայում նման փաստաթղթի ընդունումը.«Սա մեր միասնական աշխատանքի հետևանքների արդյունքն է, նախ և առաջ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վառ ապացույցներից է, որովհետև նման գործընթացներն ընթանում են այս եռամիասնության շնորհիվ: Ե՛վ Հայաստանի Hանրապետության, և՛ Սփյուռքի, ակտիվ մասնակցության շնորհիվ հասնում ենք նման արդյունքի, սակայն եթե Արցախը նորմալ ու ժողովրդավար պետություն չլիներ, ապա ոչ մի քաղաքակիրթ երկիր Արցախի օգտին որևէ փաստաթուղթ չէր ընդունի»:
Դավիթ Բաբայանը հավելեց, որ անդրադարձն Արցախին վկայում է այն մասին, որ տարբեր երկրների կողմից ճանաչվում և արժևորվում է տարբեր երկնքի կողմից Արցախի ձեռքբերումները:
Հիշեցնենք, որ երեկ Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված համաժողովի մասնակիցները հռչակագիր են ընդունել, որում, ի թիվս այլ հարցերի, մասնակիցները հաստատում են հակամարտության խաղաղ կարգավորման օգտին աշխատելու անհրաժեշտությունը: Փաստաթղթում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է իրացնի իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը` առանց սպառնալիքների և բռնության ենթարկվելու:
Ստորագրված փաստաթուղթը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը: