Հայաստանում ձեւավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը մեր ամրապնդվող ժողովրդավարության ցուցանիշն է:
Հայաստանում ձեւավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն. Նալբանդյանը՝ Նյու Յորքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին սեպտեմբերի 22-ին, Նյու Յորքում «Բաց կառավարման գործընկերության հնգամյա հոբելյան» բարձր մակարդակի միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը:
Նա, մասնավորապես, իր խոսքում, նշել է.
«Հայաստանը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության եւ խթանման մեխանիզմների ուժեղացմանն ուղղված ջաքները, ինչպես նաեւ սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների հետ: Անցյալ դեկտեմբերին հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխումներին։ Դրան նախորդել էր հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթաց՝ կառավարման առավել թափանցիկ եւ հաշվետվողական նոր եւ կատարելագործված համակարգի ստեղծման նպատակով:
Բաց կառավարման գործընկերության վերջին գլոբալ գագաթաժողովի ժամանակ Հայաստանն արժանացավ բարձր պարգեւի եւ ճանաչվեց տարածաշրջանի առաջատարը` բաց կառավարման սկզբունքների հիման վրա տեղական ինքնակառավարման իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման եւ հանրային ծառայությունների բարեփոխման համար: Հայաստանի Կառավարության ջանքերը գնահատվեցին նաեւ ազգային մակարդակով. քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից դրանք արժանացան ազգային «Ոսկե բանալի» մրցանակի` տեղեկատվության ազատության սկզբունքների առաջ մղման եւ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու հանձնառության համար:
Հայաստանում ձեւավորվել է կենսունակ քաղաքացիական հասարակություն, որը մեր ամրապնդվող ժողովրդավարության ցուցանիշն է: Այն միաժամանակ Հայաստանի հանրային կյանքի անբաժան մասն է կազմում՝ արդյունավետ կառավարման գործում իր մեծացող մասնակցությամբ:
Հայաստանում մենք քաջ գիտակցում ենք, որ դեռեւս առկա են զգալի թվով մարտահրավերներ:
Մենք վճռական ենք շարունակելու Բաց կառավարման գործընկերության նպատակներն իրականացնելուն ուղղված ջանքերը: Մեր նոր գործողությունների ծրագիրն ուղղված է նոր տեխնոլոգիաների ուսումնասիրմանը՝ հասարակության հետ ուղղակիորեն կապ հաստատելու, կառավարման բոլոր հարթակներում Բաց կառավարման գործընկերության սկզբունքները ներդնելու եւ քաղաքականություն իրականացնելու գործընթացում մարդակենտրոն մոտեցումները կիրառելու համար: Հենց այս տեսլականով ենք մենք պատրաստվում Բաց կառավարման գործընկերության՝ Փարիզում կայանալիք գագաթաժողովին»: