ԱՄՆ-ն չի հրաժարվի Սիրիայում խաղաղություն հաստատելու ձգտումից Ռուսաստանի հետ անմիջական բանակցությունները դադարեցնելուց հետո:
ՌԴ հետ բանակցությունները դադարեցնելուց հետո ԱՄՆ-ն չի հրաժարվի Սիրիայում խաղաղություն հաստատելու ջանքերից. Ջոն Քերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Associated Press-ի փոխանցմամբ` այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրուսելում Գերմանիայի Մարշալի հիմնադրամում ելույթ ունենալիս:
Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան դեռ կշարունակեն քննարկել Սիրիային վերաբերող հարցերն ավելի լայնամասշտաբ բազմակողմ բանակցությունների շրջանակներում և կհամակարգեն, որ Սիրիայում ռազմական առաքելություններ իրականացնող իրենց օդանավերը չբախվեն միմյանց:
Մեկնաբանելով Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունները դադարեցնելու մասին ամերիկյան կողմի` նախօրեին արված հայտարարությունը` Քերին նշել է, որ Ռուսաստանը հրաժարվել էր դիվանագիտությունից ու փոխարենն ընտրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին օգնելու քաղաքականությունը: Քերին հավելել է, որ բանակցություններին վերջն դնելու որոշումն իրենց հեշտ չի տրվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպի հայտարարությանը նախօրեին հաջորդել էր ՌԴ ԱԳՆ պատասխանը, որի համաձայն` ԱՄՆ-ն չի կարողացել կատարել ՌԴ-ի հետ Սիրիայի հարցով պայմանավորվածության շրջանակներում իր պարտավորությունները և պատասխանատվությունը փորձում է բարդել ռուսական կողմի վրա: