ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ելույթ կունենա Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ հակամարտության կարգավորման թեմայով։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ելույթ կունենա իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման թեմայով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ակնկալվում է, որ Պետդեպարտամենտում իր ելույթի ժամանակ Քերին կանդրադառնա այն քննադատություններին, որոնք հնչում են պաղեստինյան գրավյալ տարածքներում իսրայելական բնակավայրերի կառուցման դեմ ՄԱԿ-ի բանաձեւի քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալու՝ ԱՄՆ որոշման կապակցությամբ, NEWS.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Այդ քայլը , որը ձեռնարկվել է Բարաք Օբամայի նախագահության վերջին օրերին, բուռն վրդովմունք է առաջացրել իսրայելական առաջնորդների, նաեւ ամերիկացի կոնգրեսականների շրջանում՝ թե հանրապետական ,թե դեմոկրատ։
Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նորից քննադատել է Օբամայի վարչակարգին․ «Մենք չենք կարող այսուհետ էլ թույլ տալ, որ Իսրայելի հանդեպ նման քամահրական ու անհարգալից վերաբերմունք լինի։ Առաջ, ի դեմս ԱՄՆ-ի, այդ երկիրը լավ ընկեր ուներ , բայց հիմա ՝ ոչ։ Դիմացի՛ր Իսրայել, հունվարի 20-ը մոտենում է»։
Իսրայելի առաջնորդներն էլ Քերիի ելույթին նախապես են արձագանքել։ Հասարակական անվտանգության նախարար Էրդան Գիլադն այդ ելույթն անվանել է «խղճուկ քայլ»։