31-րդ ամառային Օլիմպիական խաղերի, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր դառնում է 25 տարեկան:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 25-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականին Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում: Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։Ալեքսանյանը հայկական սպորտի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկն է, 2014 և 2015 թվականների աշխարհի, իսկ 2012, 2013 և 2014 թվականների Եվրոպայի առաջնության չեմպիոն: 2016 թվականին 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Ալեքսանյանին հաջողվեց անել այն, ինչը հայ մարզիկներին չէր հաջողվում անել 20 տարի շարունակ՝ դարձավ օլիմպիական չեմպիոն:
Արթուրը գյումրեցուն բնորոշ հումորի սուր զգացում ունի, համեստ է, ամաչկոտ:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով: Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի է: