Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախապատրաստվում են հունվարի 28-ին կայանալիք Հայաստանի առաջնությանը:
Արթուր Ալեքսանյանից բացի բոլոր ըմբիշները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մինչ առաջնության մեկնարկը հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է առաջիկա ծրագրերի և փոփոխված կանոնների մասին:
«Նախ նշեմ, որ առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որն առաջնության ավարտից հետո Ծաղկաձորում կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին:
Արդյոք Հայաստանի չեմպիոննե՞րն են ներկայացնելու մեր երկիրը այս տարվա Եվրոպայի առաջնությունում. Մեծ հաշվով՝ այո, սակայն Կիևի մրցաշարի արդյունքներին էլ ենք ուշադրություն դարձնելու»,- ասել է Լևոն Ջուլֆալակյանը:
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը տեղի կունենա ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզադահլիճում և կմեկնարկի ժամը՝ 10:30-ից: