ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով իր աջակիցների և աշխատակազմի անդամների առաջ, ամփոփել է արդյունքներն ու հրապարակավ շնորհավորել Դոնալդ Թրամփին` նախագահի ընտրություններում հաղթանակ տանելու առթիվ:
Քլինթոնը ելույթ է ունեցել և իր կողմնակիցներին կոչ արել ընդունել Թրամփի հաղթանակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սա ցավալի է, և այդպես դեռ երկար ժամանակ կլինի: Սակայն մեր քարոզարշավը մեկ մարդու կամ մեկ ընտրության մասին չէր, այն մեր երկրի մասին էր, որը մենք սիրում ենք», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է Քլինթոնը` շնորհակալություն հայտնելով ինչպես իր կողմնակիցներին, ընտանիքին, այնպես էլ իր թիմում աշխատողներին ու կամավորներին:
«Սա լավագույն քարոզարշավն էր, որը երբևէ կարող էր ինչ-որ մեկը պատկերացնել կամ ցանկանալ, և դուք այդ արշավի մի մասն եք կազմել», - հավելել է դեմոկրատ գործիչը: Ելույթի ժամանակ Քլինթոնն իր կողմնակիցներին կոչ է արել ընդունել հանրապետական Թրամփի հաղթանակը:
Այնուհետև նա շնորհակալություն է հայտնել նաև գործող նախագահ Բարաք Օբամային և առաջին տիկնոջը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 8-ին, որոնց արդյունքում հանրապետական Թրամփը ստացել է 289 ընտրական ձայն, մինչդեռ հաղթանակի համար անհրաժեշտ էր 270-ը: