2016 թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Լի Գուանյան եւ ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը:
ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՊՆ-ից հայտնում են, որ հյուրերին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Հանդիպմանը մասնակցել է ՊԱՀՀ-ի պետի՝ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը:
Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը Չինաստանի ռազմական կցորդին փոխանցել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի եւ Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը:
Երկու հաստատությունների միջեւ համագործակցության հիմքը դրվել է ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանի՝ 2014 թ. Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ կատարած այցի ընթացքում: Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ՊԱՀՀ-ի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի՝ 2016 թ. Չինաստան կատարած այցի ժամանակ:
Այցի ընթացքում ՀՀ-ում Չինաստանի ռազմական կցորդ ավագ գնդապետ Լի Գուանյան կարեւորել է Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի եւ Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացմանը: