Կոլումբիայի Սենատը (վերին պալատ) միաձայն հավանության է արժանացրել կառավարության եւ Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժեր ապստամբական խմբավորման (FARC) միջեւ կնքված խաղաղության նոր համաձայնագիրը:
Կոլումբիայի Սենատը սատարել է FARC-ի հետ խաղաղության նոր համաձայնագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սենատն աջակցել է FARC-ի հետ խաղաղության նոր համաձայնագիրը հաստատելու առաջարկին: Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, ոչ մի դեմ ձայն չի եղել»,- նշված է խորհրդարանի վերին պալատի Twitter-ի պաշտոնական էջում: Այժմ փաստաթուղթը քվեարկության է դրվելու Ներկայացուցիչների պալատում (խորհրդարանի ստորին պալատ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 24-ին Բոգոտայում Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը եւ FARC-ի ղեկավար Ռոդրիգո Լոնդոնյո Էչեւերին կեսդարյա զինված հակամարտության դադարեցման նոր համաձայնագիր են ստորագրել: Առաջին համաձայնագիրը հոկտեմբերի 2-ին անցկացված հանրաքվեով մերժվել էր: Սանտոսը ճանաչել է պարտությունը եւ երկխոսություն սկսել նախկին նախագահ Ալվարո Ուրիբեի ղեկավարած ընդդիմադիր ուժերի հետ, որոնք դեմ էին ապստամբների հետ կնքված համաձայնագրի բովանդակությանը: