Ռուսաստանի եւ Ադրբեջանի ՊՆ–ները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ ադրբեջանցի զինծառայողներին Ռուսաստանի ուսումնական հաստատություններում վերապատրաստելու ոլորտում:
Ռուսաստանն Ադրբեջանին Կասպյան տարածաշրջանում որպես անվտանգության ֆորպոստ է դիտարկում. Շոյգու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ադրբեջանցի զինծառայող Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության պլաններ իրականացվել են եւ իրականացվում են։ «Մեր շփումները 2016-ի ընթացքում ընթացել են պլանի համաձայն, ինչ–որ տեղ մենք հավելումներ ենք արել։ Ես նկատի ունեմ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում մեր համագործակցությունը։ Եվ այստեղ, իհարկե, հատուկ դեր է խաղում արագ փոփոխվող իրավիճակը, աշխարհում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ տիրող վիճակը»,– ասել է Շոյգուն։
«Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018-ի պլանը։ Մենք կշարունակենք ընդլայնել այն ամենը, ինչը կոչվում է ռազմական համագործակցություն։ Դա վերաբերում է եւ շտաբերի միջեւ բանակցություններին, դա վերաբերում է կրթությանը։ Մենք կընդլայնենք դա եւ համագործակցության լրացուցիչ կետեր կառաջարկենք»,– նշել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարը նաեւ ասել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդլայնելու են համագործակցությունը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ապահովման համար։ «Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Ադրբեջանն այսօր Կասպյան տարածաշրջանում անվտանգության ֆորպոստ է։ Եվ մենք պետք է համագործակցենք ավելի արդյունավետ»,– ասել է Շոյգուն՝ հավելելով, որ ինքը վստահ է, որ այդ ամենն էապես կազդի այդ տարածաշրջանում կայունության վրա։
ՌԴ պաշտպանությանը նախարարը նաեւ նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է եկող տարի Ռուսաստանի աջակցությամբ անցկացնել Բանակային միջազգային խաղերի «Կասպյան գավաթ» առաջնությունը։