Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Ֆլորանս Պարլիի հետ:
Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հեռախոսազրույցը կայացել է ապրիլի 27-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Քննարկվել են տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության հարցեր, հայտնում է news.am-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին ապրիլի 14-ին մասնակցել է Սիրիայի օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածների իրականացմանը, որը Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման պատասխանն էր։
Այս հարվածներից հետո ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկին հայտարարել էր Սիրիային Ս-300 համալիրներ մատակարարելու Մոսկվայի պատրաստակամության մասին։ Մատակարարման հնարավորությունը հաստատել է նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ապրիլի 23-ին Սիրիայի ուղղությամբ կոալիցիայի ավիահարվածների հետեւանքները քննարկել են Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը: