Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Դիրաբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում, որտեղ կուսակցության խումբը ականատեսն է եղել թուրք-քրդական բախումների արդյունքում մեծ վնասներ կրած քաղաքի աղետալի վիճակին:
Սուրբ Կիրակոս եկեղեցու շրջակայքը գետնին հավասարեցված վիճակում է. Մեջլիսի հայ պատգամավորն այցելել է Դիարբեքիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է «Ակօսը»։
Սելինա Դողանն «Ակօսին» հայտնել է, որ Դիարբեքիրում տնտեսությունը կործանման եզրին է, իսկ գնողունակությունն ընկել է այնքան, որ կարելի է ասել գոյություն չունի որպես այդպիսին:
Դողանը նշել է, որ իրենց խումբը չի կարողացել մոտենալ Դիարբեքիրի` Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցուն, քանի որ պատմական Սուր թաղամասի մուտքը դեռևս շարունակում է փակ մնալ, սակայն հայ պատգամավորին հաջողվել է որոշակի տեղեկություններ ձեռք բերել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով:
«Մեզ ցույց տվեցին նաև եկեղեցու ներկայի վիճակը պատկերող վերջին լուսանկարը: Եկեղեցու շրջակայքը գետնին հավասարեցված վիճակում է: Եկեցեցու ներսում էլ ավերածություններ են կատարվել: Միայն Սուրբ Կիրակոսը չէ, Սուրի բոլոր պատմական կոթողներին է սա վերաբերվում», - ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Դողանը:
Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին: