Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը։
Թուրքիայում դատարանի որոշմամբ դադարեցվել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի փաստաբանները պետականացման դեմ հայց են ներկայացրել վճռաբեկ դատարան՝ շեշտելով, որ եկեղեցու պետականացումը հակասում է օրենքին։
«Պետականացման որոշումով առհամարվել են նախարարների խորհրդի որոշումը կապված մշակույթային ժառանգությունների պահպանության հետ։ Բացի վճռաբեկը նման անօրինական պետականացումները չեղարկելու վերաբերյալ դրական ընդունված մի շարք որոշումներ ունի։ Պետականացումը հակասում է նաեւ Լոզանի պայմանագրին»,–նշվել էր հայցադիմումում։
Վճռաբեկը բավարարել է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի հայցը՝ եկեղեցու պետականացման գործընթացը կանգնեցնելու որոշում կայացնելով։ Վճռաբեկի որոշման մեջ նշվել է, որ պետականացման հետ կապված հարցում է ուղարկվել համապատասխան մարմիններին, սակայն պատասխան չեն ստացել, թե ինչ հիմքերով են պետականացնում եկեղեցին։
Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։ Պատճառաբանությունն այն էր, որ քուրդ զինյալների հետ բախումների հետեւանքով վնասված Սուրի շրջանը պետք է պետական միջոցներով վերականգնվի, այդ թվում հայկական եկեղեցիները։
Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:
Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:
Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի: