Ադրբեջանի կառավարությունը չի կարողանում վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներով սահմանված տույժերը, որոնցով պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի քաղաքացիները:
Ադրբեջանի կառավարությունը չի վճարում ՄԻԵԴ-ի սահմանած տույժերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Ադրբեջանցի իրավապաշտպան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` Ադրբեջանի կառավարությունը փոխհատուցել է ՄԻԵԴ-ի կողմից սահմանված տույժերի միայն մի փոքր մասը:
Իրավապաշտպանը տուժողներին, որոնք իրենց ամբողջական փոխհատուցումը չեն ստացել, կոչ է արել խնդրի վերաբերյալ գրավոր դիմում պատրաստել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ուղարկելու համար:
Ապրիլի 13-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ 23 վճիռ, որոնց հիման վրա Ադրբեջանի կառավարությանը տուգանվել է 271 հազար եվրոյի չափով: ՄԻԵԴ ներկայացված 23 բողոքները հիմնականում վերաբերում են ադրբեջանական իշխանությունների կողմից լրագրողների, բլոգերների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ պարբերաբար կիրառվող ճնշումներին, ինչպես նաև ընտրողի ազատ ընտրության իրավունքին խոչընդոտելու դեպքերին:
Ադրբեջանից ամեն տարի ՄԻԵԴ են ուղարկվում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հարյուրավոր հայցեր: 2016թ-ին Ադրբեջանից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել 333 հայց, իսկ 2015թ-ին` 268: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 6-ին Ադրբեջանի հետ կապված միանգամից 11 վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ը այս 11 հայցերի բավարարման արդյունքում Ադրբեջանի կառավարությանը տուգանել է 81 հազար 690 եվրոյի չափով, որով պետք է փոխհատուցվեն դիմումատուները: