Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 17-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան 20 հասցեում տեղադրվել է «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի ճարտարապետ Յուրի Հակոբյանի «Այս տանն ապրել է» խորագրով հարթաքանդակը:
Ստեփանակերտում տեղադրվել է «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի ճարտարապետի հարթաքանդակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հարթաքանդակի բացման պատիվը տրվել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին և Յուրի Հակոբյանի որդուն` Միքայել Հակոբյանին:
Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը իր խոսքում ասել է, որ մայրաքաղաքի ամեն մի անկյունում, փողոցում կարելի է տեսնել Յուրի Հակոբյանի տարբեր աշխատանքները՝ ճարտարապետական և քանդակագործական ստեղծագործությունների տեսքով, իսկ վաղուց արդեն Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք, մեր լեռները» հուշակոթողի գործով նրա անունը ընդմիշտ գրվել է Արցախի պատմության ամենալուսավոր էջերում:
«Նրա գործերը Ստեփանակերտի և պատմության մի մասնիկն են դարձել:Մենք պետք է հիշենք, հարգենք, և արժանվույն գնահատենք Յուրի Հակոբյանի պայծառ հիշատակը»,- մասնավորապես ասել է քաղաքապետը:
Մեր թղթակցի հետ զրույցում հարթաքանդակի հեղինակ Ալբերտ Հարությունյանն ասել է, որ ճարտարապետին լավ ճանաչելով քանդակի մեջ փորձել է արտահայտել ճարտարապետի բնավորության յուրահատուկ գծերը՝ միահյուսելով արվեստագետին հատուկ նրբություններ:
Միջոցառմանը ներկա էին արվեստասեր հասարակություն, Յուրի Հակոբյանի հարազատներ, ընկերներ և ստեփանակերտցիներ:
Նշենք, որ Յուրի Հակոբյանը հեղինակել է Արցախի խորհրդանիշը դարձած «Մենք ենք, մեր լեռները» հուշաքանդակի, Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրի, մայրաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անունը կրող կենտրոնական զբոսայգու, Ստեփան Շահումյանի հուշարձանի, մայրաքաղաքի տարբեր հատվածներում հուշաղբյուրների և այլ շինությունների ճարտարապետական նախագծեր: