Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել՝ կապված պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի՝ Ստամբուլ ժամանելու հետ:
Պոլսո Հայոց պատրիարքարանը Բեքչյանի ժամանելու կապակցությամբ հայտարարություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է պատրիարքարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բեքչյանը հունիսի 1-ին ժամը 14:45-ին կժամանի Ստամբուլ:
Նույն երեկո՝ Գումգափուի Աթոռանիստ Մայր տաճարում ժամը 17:00-ին տեղի կունենա հրաշափառի և երդման արարողություն: «Նորին Սրբազանությունը ցանկություն է հայտնել, որ մեր հավատացյալները համախմբվեն Աթոռանիստ Մայր Տաճարում, այլ ոչ թե օդանավակայանում: Ուստի, սիրով հրավիրում ենք համայնքային և թաղային մարմինների ու մամուլի ներկայացուցիչներին, ինչպես նաև մեր հավատացյալ ժողովրդին արարողությանը ու բարի գալուստ մաղթելու Նորին Սրբազանությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում միառժամանակ լարվածություն էր սկսվել:
Աթեշյանը միայն մայիսի 24-ին հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ: Վերջինս ավելի վաղ մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ: