Հուրգադայում զբոսաշրջիկների վրա դանակով զինված հարձակում գործած տղամարդուն կտեղափոխեն հոգեբուժական կլինիկա` փորձաքննության իրականացման համար:
Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակված տղամարդուն կտեղափոխեն հոգեբուժական կլինիկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նման որոշում է կայացրել Եգիպտոսի դատախազությունը, որն իրականացնում է միջադեպի քննությունը, փոխանցում է Panorama.am-ը:
Հարձակման պաշտոնական պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն որոշ տվյալներով, տղամարդը եղել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմնակից: Սակայն Հուրգադային դատախազությունը հերքել է ահաբեկչական գործունեության հետ կապված լուրերը:
Հիշեցնենք, որ Հուրգադա հանգստավայրում հուլիսի 14-ին զինված տղամարդը հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով զոհվեցին Գերմանիայի քաղաքացի երկու, Լեհաստանի քաղաքացի մեկ զբոսաշրջիկ, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել Հայաստանի երկու քաղաքացի, մեկ ռուս:
Տուժած հայ զբոսաշրջիկներից մեկի ապաքինմանն աջակցելու նպատակով հայ մասնագետ է գործուղվել Կահիրե: