Աշխարհի բնակչության 80 տոկոսը զրկված է կրոնական ազատության իրավունքից։
Պետդեպն անդրադարձել է Թուրքիայում հայկական եկեղեցական սեփականությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ներկայացնելով Աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը։
Թիլերսոնը նշել է, որ կրոնական ազատության հետ կապված իրադրությունն առավել բարդ է ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որտեղ եզդիներն ու քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ: Լուրջ խնդիրներ կան նաև Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում և Թուրքիայում, նշում է պետքարտուղար Թիլերսոնը.
«Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»:
Մասնավորապես, զեկույցում նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաև, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում:
Ադրբեջանում 2016-ին ձերբակալվել է կրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում: Պետքարտուղարությունն ընդգծում է, որ առավել բարդ է ոչ ավանդական կրոնական խմբերի վիճակը, որոնք փաստորեն զրկված են ազատ հավաքվելու իրավունքից: «Իշխանությունները շարունակում են փակել կրոնական հաստատություններ և խափանել կրոնական ծառայությունները», – «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ նշում է Պետքարտուղարությունը։
Պետքարտուղարը հիշեցրել է, որ կրոնի ազատության սահմանափակումը ծայրահեղականություն և կրոնական արմատականություն ծնող հիմնական պատճառներից մեկն է: