Հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով այսօր շարունակված դատական նիստի ընթացքում դատավոր Անատոլի Թադևոսյանը հրապարակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալ Դ. Ասկերովի տված ցուցմունքները:
Ասկերովը խոստովանել է, թե ում է վաճառել սահմանախախտումների ժամանակ կատարած տեսանկարահանումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ըստ այդ ցուցմունքների, Ասկերովը հայտնել էր, թե ԼՂՀ սահմանը հատել են ոչ թե 3 այլ 4 հոգանոց խմբով, իսկ Սմբատ Ցականյանին սպանել և Շահումյանի շրջանում մի շարք գողություններ է կատարել ոմն Դիման, այնուհետև նա հավելել է , որ Դիմա անվան տակ հանդես է եկել Գուլիևը։ Դատաքննության ժամանակ տված ցուցմունքներում Ասկերովը շարունակ պնդում է, որ իրենք սահմանը խախտել են 3 հոգով, իսկ հիշյալ ոմն Դիման իրենց ուղեկցել է մինչև ղարաբաղա-ադրբեջանական սահմանագիծը, սակայն սահմանը չի անցել։
Նախաքննության և դատաքննության ընթացքում իր տված ցուցմունքների հակասությունը Ասկերովը բացատրել է սկզբնական այն վատ ինքնազգացողությամբ, որն ունեցել է նախաքննության ժամանակ։ Չնայած վատ ինքնազգացողությանը՝ հաջորդ ցուցմունքներում էլ Ասկերովը տրամաբանորեն շարունակել է պատանու սպանությունը կապել մե՛րթ Շ. Գուլիևի, մե՛րթ Հ. Հասանովի հետ, սակայն դատաքննության ժամանակ պնդում է, որ պատանուն սպանել է սպանված Հասանովը։
Հակասական են նաև նախաքննության և դատաքննության ընթացքում Ասկերովի տված ցուցմունքները իրենց փնտարծ ոսկու վերաբերյալ։ Համաձայն նախաքննությանը տված նրա ցուցմունքի՝ նա մանրամասնորեն նկարագրել է իրենց խմբի կողմից որոնվող ոսկու տեղը, իսկ դատաքննության ժամանակ ասաց, որ այդ ոսկու տեղը միայն Հասանովն է իմացել։
Անդրադառնալով տեսանկարահանումներին, որոնք խումբը պետք է կատարեր հավանական ոսկու գտնվելու վայրում, Ասկերովը նշեց, թե իբր չեն տեսանկարահանել, որովհետև այնտեղ, տեխնիկայով կատարված աշխատանքների հետևանքով ամեն ինչ ձևափոխված է եղել։ Սակայն, դրանից հետո էլ մինչև Քարվաճառ հասնելն Ասկերովը շարունակել է Հասանովի տեսախցիկով նկարահանել ճանապարհին գտնվող օբյեկտները։ Ասկերովը նշեց նաև, որ ինքը նախորդ սահմանախախտումների ժամանակ էլ է նման տեսանկարահանումներ կատարել, որոնք վաճառել է որոշակի պատվիրատուների։
Նշենք, որ «Արցախպրես»-ը հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի մանրամասները։