Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի պետական համալսարանում սկսվել են եռօրյա պրակտիկ հոգեբանական դասընթացներ, որոնցով էլ մեկնարկել է նորաստեղծ հոգեբանական կենտրոնի գործունեությունը:՛
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի մեկնարկն ազդարարվել է պրակտիկ հոգեբանական դասընթացներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ ԿԳՆ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանն իր խոսքում ասել է, որ 2010 թվականից առ այսօր բոլոր ուսումնական հաստատություններում իրականացվում է ներառական կրթություն, և այս հոգեբանական կենտրոնի ստեղծումը հնարավորություն է տալու կարևորելու պրակտիկ հոգեբանության դերը:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ հոգեբանական կենտրոն ունենալու գաղափարը ծագել է մի քանի տարի առաջ: Եվ հայաստանյան գործընկներների պատրաստակամության շնորհիվ այսօր այն իրականություն է դարձել:
ԱՀ ՊԲ հոգեբանական աշխատանքների գծով տարվող ծառայության ներկայացուցիչ Նարինե Հայրապետյանը, կարևորելով հոգեբանական կենտրոնի դերը, նշել է, որ սպասելիքները մեծ են: Նրա խոսքով՝ կենտրոնի խնդիրը պետք է լինի պրակտիկ հոգեբաններ պատրաստելը, քանի որ պատերազմի սինդրոմը ապրած մարդու համար շատ կարևոր է հոգեբանի աջակցությունը:
Իսկ նորաբաց կենտրոնի գործընկեր, Երևանում գործող «Ապագա» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Արմեն Բեջանյանը նշել է, որ իրենք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերելու բանակի հետ համագործակցող, ինչպես նաև այն հոգեբաններին, որոնք աշխատում են դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում:
Դասընթացներին մասնակցում են մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, ուսումնական հաստատությունների հատուկ և սոցիալական մանկավարժներ, հոգեբան-սպաներ, ուսանողներ: