ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը «Ոչ ֆորմալ կրթություն» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-10-ը կազմակերպելու է սոցիալական ձեռնարկատիրության դասընթացներ:
Ստեփանակերտում սոցիալական ձեռնարկատիրության դասընթացներ կանցկացվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի առաջին կարգի մասնագետ Անի Կապլանյանն ասել է, որ դասընթացների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել սոցիալական ձեռնարկատիրության գաղափարին, այս հայեցակարգի հիմնական տարրերին, ինչպես նաեւ ստեղծել հնարավորություն՝ քննարկելու մոդելի ներուժը համայնքային զարգացման գործընթացների ոլորտում:
Դասընթացը վարելու է կրթության փորձագետ, ձեռնարկատիրական բիզնես գաղափարների ոլորտում փորձառու մասնագետ Արեգ Թադևոսյանը:
Դասընթացի շրջանակներում ընդգրկված են «Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարը եւ նրա տեղը արդի հասարակարգում», «Սոցիալական ձեռնարկատիրոջ կերպարը եւ այս գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ունակությունները», «Սոցիալական նորարարությունը ձեռնարկատիրության մեջ. ՍՁ գաղափարների մշակում», «Սոցիալական ազդեցություն՝ պլանավորում, չափում եւ ներկայացում» թեմաները, ինչպես նաև գործնական աշխատանքներ՝ «Ազդեցության չափման պլանավորում» և «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային խնդիրների լուծման համար» թեմաներով:
Նշենք, որ դասընթացները կայանալու են Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում: