2017 թվականին, նախորդ տարվա համեմատ, 41 տոկոսով աճել է Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը:
Արցախում կգործի «Tourist Friends» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տարեվերջյան մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության հարցերի նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Նախարարի խոսքով՝ զբոսաշրջիկների հիմնական աշխարհագրությունն ընդգրկում է առաջին տեղում Ռուսաստանը, ապա՝ Եվրոպան, ԱՄՆ-ն և Իրանը:
Արցախում ներկայումս գործում է 50 զբոսաշրջային հյուրանոցային տնտեսություն:
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ 2018 թվականից Արցախի զբոսաշրջության համակարգում գործելու է «Tourist Friends» ծրագիրը, որի շնորհիվ զբոսաշրջիկները կօգտվեն շուրջօրյա տեղեկատվական ծառայությունից. նրանք ցանկացած ժամի ցանկացած վայրի մասին կարող են ստանալ համապատասխան տեղեկատվություն:
«Ծառայության շնորհիվ՝ զբոսաշրջիկներին տրվելու է հնարավորություն՝ ավելի մոտիկից ծանոթանալու Արցախին: Բացի այդ, այն կնպաստի, որպեսզի գյուղական համայնքներում ապրող բնակիչները զբոսաշրջության արդյունքում ստանան որոշակի եկամուտ»,- ասել է Ս. Շահվերդյանը:
Անդրադառնալով էկոտուրիզմին՝ նախարարը նշել է, որ այն զարգացնելու նպատակով մշակույթի նախարարությունը նախատեսում է գյուղական համայնքներում հյուրատներ հիմնել՝ օտարերկրյա զբոսաշրջիկներին ծանոթացնելու համար արցախյան մշակույթին: