ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, շարունակվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Ասկերովն իր նախկին համախոհին մեղադրում է ստախոսության մեջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանը ներկայացրել է ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի մոտ հայտնաբերված տեսախցիկի տեսանյութերի ցուցադրությունը, որոնք կատարել են ղարաբաղաադրբեջանական սահմանը խախտելուց հետո՝ նախօրոք վերցրած տեսախցիկով: Տեսագրությունների մեջ նկարահանումներն ուղեկցվում են Դիլհամ Ասկերովի մեկնաբանություններով:
Ամբաստանյալը նկարահանել է Քարվաճառի մոտակա գյուղերը, ճանապարհները, որտեղով անցնում են զինվորական մեքենաներ, զինվորականներ ու զինտեխնիկա: Տեսանյութերում նկարահանվել է նաև ադրբեջանական հանցախմբի կողմից սպանված Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանը, ով տանում է խմբի անդամներից մեկին պատկանող ուսապարկն ու քնապարկը: Տեսագրություններից մեկում էլ Դիլհամ Ասկերովը պատմում է, որ ճանապարհին բռնել են մի հայ «խոճկոր», ով մոտ 20 տարեկան է։ Նա ադրբեջաներեն ու ռուսերեն խոսել չգիտեր։
Այնուհետև նշում է, որ նրան չէին կարող բաց թողնել, քանի որ, կարող էր մատնել իրենց: Ի պատասխան դատավոր Ա. Թադևոսյանի հարցերին, ամբաստանյալ Ասկերովը պնդեց, թե իբր երեխան կամավոր է ուղեկցել իրենց և հնարավորություն ուներ հեռանալու, երբ ցանկանար: Դատական նիստի ընթացքում Ասկերովը խոստովանեց, որ եթե այս անգամ չձերբակալվեր, ապա հետագայում նպատակ ուներ կրկին խախտել սահմանն ու անցնել Արցախի տարածք՝ իբր հարազատների գերեզմաններն այցելելու նպատակով: Այս առումով երկու ամբաստանյալների դիրքորոշումները կրկին հակասեցին միմյանց, քանի որ հանցախմբի մյուս անդամ Գուլիևը պնդել է, թե այս անգամ գերեզմաններ այցելելու մասին երբևէ խոսք չի եղել, որին հակադարձեց ամբաստանյալ Ասկերովը՝ իր նախկին համախոհին մեղադրելով ստախոսության մեջ։
Նշենք, որ «Արցախպրեսը» հետևում է դատավարության ընթացքին և հաջորդիվ կներկայացնի քրեական գործի այլ մանրամասներ ևս։