Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Երեւանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարեւորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Երեւանը ադրբեջանական պատմական տարածք է» Ալիեւի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ազատություն» ռադիոկայանից տեղեկանում ենք, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատուն ուղարկված հարցմանը՝ Վաշինգտոնն ի՞նչ դիրքորոշում ունի Իլհամ Ալիեւի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, եւ արդյո՞ք նման հայտարարությունը չի բարդացնում ղարաբաղյան բանակցությունների ընթացքն ու սրում իրավիճակը, դեսպանատանից պատասխանել են:
«Միացյալ Նահանգները պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից: Միացյալ Նահանգները նաեւ խրախուսում է կողմերին՝ հարգել 2017-ի հոկտեմբերին Ժնեւում կայացած գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները` բանակցությունների աշխուժացման ու շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ», - ասված է ԱՄՆ պետքարտուղարության պատասխանում:
Փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը (Գյոչե) «մեր պատմական տարածքներն են, եւ ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»: «Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին»,- ընդգծել էր Իլհամ Ալիեւը:
Ադրբեջանի նախագահի խոսքերին ավելի վաղ անդրադարձել էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ փետրվարի 15-ի ճեպազրույցի ընթացքում նշելով, որ «հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:
Իլհամ Ալիեւի հայտարարության վերաբերյալ դիրքորոշում էր հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք երկրներից Ֆրանսիան՝ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում փետրվարի 20-ին հրապարակած հաղորդագրությունում կոչ անելով «զերծ մնալով ցանկացած հայտարարությունից կամ գործողությունից, որը կարող է մեծացնել լարվածությունը»: