Անջեյ Կասպրշիկի գրասենյակը ուշադրություն է հրավիրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից հետո արված հայտարարության վերջին նախադասության վրա՝ պատասխանելով Tert.am-ի հարցադրմանը, թե արդյոք գործնական քայլեր ձեռնարկվո՞ւմ են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման հարցով:
ՄԽ համանախագահները ողջունում են կողմերի` բանակցությունները շարունակելու մտադրությունը` հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը. Կասպրշիկի գրասենյակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և հունվարի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հունվարի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո համանախագահները եղել են տարածաշրջանում և ընդունել հայտարարություն:
Մենք ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հայտարարության վերջին նախադասության վրա: Այն ասում է՝ համանախագահները ողջունում են կողմերի արտահայտած մտադրությունը շարունակել բանակցությունները՝ հաշվի առնելով ներկայիս ընտրական շրջանը»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ նշված է գրասենյակի պատասխանում:
Նշենք, որ Tert.am-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ ուղղված հարցման մեջ հիշատակել էր, որ 2018 թվականի հունվարին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրության համաձայն՝ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել այդ պայմանավորվածության իրագործման ուղղության: Հարցմամբ ճշգրտվում էր՝ արդյո՞ք արդեն կան արված գործնական քայլեր այդ ուղղությամբ, արդյո՞ք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնումն իրենից ներկայացնում է միայն դիտորդների թվի ավելացում, թե՞ այլ գործընթաց ևս: