Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում չորրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 26-ին անցկացվում է նախավերջին՝ 13-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կրեց հերթական պարտությունը։
Հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը կրեց հերթական պարտությունը, Կարուանան՝ միանձնյա առաջատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատարը սեւ խաղաքարերով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ եւ պարտվեց 39-րդ քայլում։ Արոնյանը Կարուանային պարտվել էր նաեւ առաջին շրջանում։
Այս հաղթանակից հետո Կարուանան վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 2-3-րդ տեղերը բաժանող Սերգեյ Կարյակինն ու Շաքրիյար Մամեդյարովն ունեն 7․5-ական միավոր։
Հայ գրոսմայստերը 6-րդ պարտությունը կրեց մրցաշարում, որում տարել է մեկ հաղթանակ եւ 6 պարտիա ավարտել ոչ ոքի։ Արոնյանը 4 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Մարտի 27-ին կայանալիք վերջին տուրում նա սպիտակներով կմրցի Ուեսլի Սոյի հետ։
Հավակնորդների մրցաշար, 13-րդ տուր
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1։0
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0․5։0․5
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1։0
Դին Լիրեն (Չինաստան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
Ընթացիկ մրցաշարային դրությունը 13-րդ տուրից հետո. Կարուանա՝ 8 միավոր, Կարյակին, Մամեդյարով՝ 7.5-ական, Դին Լիրեն, Գրիշչուկ՝ 7-ական, Կրամնիկ, Սո՝ 5.5-ական, Արոնյան՝ 4:
Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է: