Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան N 5 հիմնական դպրոցի աշակերտներն այսօր այցելել են N զորամաս:
Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ դպրոցականներն այցելել են զորամաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշակերտներն իրենց ձեռքերով զինվորների համար ծանրոցներ են պատրաստել: Զորամասում նրանք հանդես են եկել հայրենասիրական երգերով, պարերով և արտասանել հայրենաշունչ բանաստեղծություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի N 5 հիմնական դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարինե Խաչատրյանն ասել է, որ իրենց ուսուցչական կոլեկտիվի, աշակերտների և նրանց ծնողների նախաձեռնությամբ է կազմակերպվել իրենց զորամաս այցելելը: Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց նպատակը ոչ միայն տոների առիթով շնորհավորելն է եղել, այլև նպատակ են ունեցել իրենց այցելությամբ ոգեշնչելու և քաջալերելու զինվորներին: Նա նշել է, որ մեկնելով զորամասեր, ծանոթանալով զինծառայողների առօրյային, զինվորական կարգ ու կանոնին աշակերտների մոտ հայրենասիրության ոգին ավելի է բարձրանում: «Անշուշտ, նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն նաև աշակերտների մոտ ռազմահայրենասիրության դաստիարակության գործում»,-ասել է Մ. Խաչատրյանը: