Այսօր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Մասնագիտական ճիշտ կողմնորոշում» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի Synergy, Otecsys, Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի, Թումոյի և «Եզնիկ Մոզյան» ուսումնարան հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Մարտակերտի դպրոցականների հետ և նրանց ներկայացրել այդ ոլորտում ընդգրկվելու անհրաժեշտությունը:
Մարտակերտի դպրոցականներին է ներկայացվել «Մասնագիտական ճիշտ կողմնորոշում» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ընկերության ներկայացուցիչները դպրոցականներին մանրամասն ներկայացրել են ոլորտի առավելությունները և նրանց գործառույթները:
ԼՂՀ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության բաժնի առաջատար մասնագետ Աշոտ Սարգսյանը նշել է, որ երիտասարդության շրջանում առկա խնդիրներից ամենակարևորն զբաղվածության հարցն է:
«Հաշվի առնելով այն, որ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն իրականացնում է «Մասնագիտական ճիշտ կողմնորոշում» ծրագիրը, կազմակերպել ենք այս հանդիպումը: Այն կիրականացվի թիրախային համարվող երկու խմբերի համար՝ դպրոցականների, իսկ աշխատանք փնտրող երիտասարդների համար էլ՝ «Վերապատրաստման դասընթացներ» ծրագիրը»,- մանրամասնել է Ա. Սարգսյանը:
Ստեփանակերտի Թումո կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը, անդրադառնալով այցի նպատակին, ասել է, որ այն ուղղված է Թումոյի աշխարհագրության ընդլայնմանը:
«Մենք ցանկանում ենք ավելացնել մեր ուսանողության քանակը: Ներկայացնել մեր գործունեությունը՝ ուզում եմ բոլոր արցախցիներին երազելու հնարավորություն տալ: Իմ կարծիքով, մեր երկրում մարդիկ պետք է ավելի շատ երազեն ու ձգտեն հասնել դրանց իրականացմանը: Ներկա դրությամբ Ստեփանակերտի Թումո կենտրոնն ունի 1300 ուսանող: Հունվարից կավելացնենք նաև համակարգիչների քանակը: Հետևաբար, մենք կկարողանանք ուսանողների քանակն ավելացնել: Մենք համագործակցել ենք ԼՂՀ կառավարության հետ: Արդյունքում՝ Ասկերանի, Իվանյանի, Խնապատի, Շուշիի և Քարին Տակի երեխաները կարողանում են այս սեպտեմբերից սկսած հաճախել Թումո կենտրոն:
Սա արդեն երկրորդ փուլն է, և մենք նման աշխատանքներ ենք ցանկանում տանել Մարտակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքներում ևս»,- ասել է Կ. Խաչատուրյանը և հավելել, որ Մարտակերտից արդեն չորս հոգի այցելում են Թումո կենտրոն:
Synergy ընկերության հայկական մասնաճյուղի աշխատակից Արամ Կարապետյանն էլ նշել է, որ ՏՏ ոլորտը մեծ հնարավորություն է ընձեռում հետագայում նրանց աշխատանքով ապահովվելու համար:
«Այսօրվա մեր այցի նպատակն է Մարտակերտի դպրոցականներին մասնակի տեղեկություն տալ ընկերության գործունեության մասին, որպեսզի նրանք իրենց մասնագիտության ընտրության հարցում նախընտրեն ՏՏ ոլորտը, որպեսզի նրանք իմանան, որ այդպիսի ոլորտ կա, որը հեռանկարային է ու միակը, որը հնարավուրոթյուն է տալիս ֆինանսների ներգրավում ոչ միայն Արցախից, այլև արտասահմանյան ընկերություններից, որը, կարծում եմ, կարևոր է մեր երկրի հետագա զարգացման համար»,- մանրամասնել է Ա. Կարապետյանը:
«Ես ներկայացնում եմ երկու ստարտափ ընկերություն՝ Otecsys-ն ու Miananq-ը: Մենք այդ երկու նորաստեղծ ընկերություններում չորսական աշխատողներ ունենք: Երկու ընկերություններն էլ համագործակցում են միմյանց հետ: Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք նշված ոլորտներում խնդիներ ունենք և լավ կլինի, որ որակյալ մասնագետները շատ ունենայինք»,- ասել է Otecsys ընկերության աշխատակից Աշոտ Ավանեսյանը և ավելացրել, որ ինքը հանդիպումից մեծ ակնկալիքներ ունի:
Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները պատասխանել են ուսուցիչներին ու դպրոցականներին հուզող մի շարք հարցերի: