Փասադենայի (Կալիֆորնիա) հայ համայնքի ակտիվիստներ Սոնա Դոնոյան- Արաբյանը և Սաքո Դեֆտերյանը այս կիրակի ևս մեկ անգամ մարաթոն կանցկացնեն Լոս Անջելեսում:
Լոս Անջելեսում կիրակի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մարաթոն կանցկացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս տարի մարաթոնը կանցկացվի «Մենք պահանջում ենք, մենք հիշում ենք» խորագրի ներքո` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Ինչպես հայտնում է Asbarez.com-ը`մարաթոնին մասնակցելու է 25 000 վազորդ, որոնք կհաղթահարեն 41 կմ երկարությամբ ճանապարհը, իսկ հանդիսատեսի թիվը, ըստ կանխատեսումների, կհասնի մեկ միլիոնի: Ակտիվիստներ Դոնոյան–Արաբյանն ու Դեֆտերյանը մտադիր են հասարակության շրջանում բարձրացնել Հայոց ցեղասպանության շուրջ իրազեկությունը` իրենց մարզաշապիկներին հատուկ ուղերձ պարունակող եռագույն պատկերով:
Նրանց նախաձեռնությունը մեծ արձագանք է գտել համայնքում, և մարաթոնի մասնակիցները միավորվել են հայոց հարցի մասին իրազեկությունը բարձրացնելու գաղափարի շուրջ:
Կիրակի մարզիկներին կմիանան Փասադենայի Նիկոլ Դումանի անվան Հայ երիտասարդական միության անդամները և Փասադենայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության սկաուտները:
Ցեղասպանության մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով Դոնոյան–Արաբյանն ու Դեֆտերյանը մտադիր են ապրիլի 12-ին մարաթոն անցկացնել Փարիզում` Ֆրանսիայի «Նոր սերունդ» Հայ երիտասարդական միության աջակցությամբ: