Այսօր՝ նոյեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքում մեկնարկելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը, որն այս տարի կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը։
Հեռուստամարաթոն 2017-ի արցախյան սպասելիքներն ու իրականացվող ծրագրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն ասել է, որ հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրերի. Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում ինչպես նաև տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։
Մեր զրուցակցի խոսքով՝ 20 խորքային հորերի հորատման նախագծերն արդեն պատրաստ են: Իսկ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը կգործի Շուշիի և Ասկերանի շրջաններում:
«Նշված շրջանների համայնքային նշանակության շենքերը կապահովվեն արևային էներգիայով, իսկ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ամբողջությամբ նախատեսվում է արևային ջրատաքացուցիչների տեղադրում»,- ասել է Վ. Ղազարյանը:
Խոսելով ներկայումս գործող ծրագրերի մասին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավարն ասել է, որ Ասկերանի շրջանի Քռասնի, Խնձրիստան և Հադրութի շրջանի Թաղասեռ ու Տումի գյուղերում կառուցվում են համայնքային կենտրոններ, Ասկերանի շրջանի Ուղտասար գյուղում՝ նոր դպրոցական շենք, ինչպես նաև կապիտալ վերանորոգվում է Ստեփանակերտի թիվ 9 դպրոցի շենքը: Շարունակվում է նաև բազմազավակ ընտանիքների համար կառուցվող բնակարանների ծրագիրը, ընթացքի մեջ է 12 բնակարանների կառուցումը:
««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով 2018 թվականին Արցախի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում ևս վերակառուցման աշխատանքներ կսկսվեն»,- ասել է Վ. Ղազարյանը և ավելացրել, որ հիմնադրամն ակտիվ մասնակցություն ունի նաև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում համայնքային կենտրոնի և հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքներում: