Այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, մամուլի ասուլիսին անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանում թուրքական և ադրբեջանական հաքերների կողմից իրականացրած կիբերհարձակումներին, ասաց, որ այդ հարձակումներն այնքան էլ ուժեղ չէին, ինչպես սպասվում էր, և շատ բաներ աննկատ են անցել:
100-ամյակի միջոցառումներին մեր կայքերի պաշտպանությունը ուժեղ էր, և այստեղ հաղթող ենք. Սամվել Մարտիրոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նա նշեց, որ մոտավորապես 250 կայք են կոտրել, որտեղ նշել էին, թե հայերը ստում են, սակայն այդ կայքերը հայկական չեն եղել:
Իսկ ինչ վերաբերում է հայկական կայքերը կոտրելուն, ապա նա ասաց, որ ադրբեջանական հաքերային խմբերի կողմից կոտրած կայքերն այնքան էլ հայտնի չէին:
«Ադրբեջանական հաքերները շատ օգտակար են հայկական համացանցը ճանաչելու համար»,-ասաց նա և նկատեց, որ երբեմն կոտրելուց հետո ես իմանում, որ այդպիսի կայք գոյություն ունի:
Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ փոխարենը նկատվել են DDOS հարձակումներ, ինչին կարճ ժամանակ ենթարկվել է նաև Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի պաշտոնական կայքը:
«Հայկական կողմը շատ ուժեղ պատրաստվել էր, բոլորը սպասում էին նման հարձակումների և ճիգեր էին գործադրել: Տեղեկատվական հիմնական կայքերը լուրջ պաշտպանված էին»,-ասաց նա և նշեց, որ շատ կարևոր է, որ փաստացի չկարողացան խոչընդոտել տեղեկատվական հոսքերը:
«Միանշանակ կարելի է ասել, որ պաշտպանությունը ուժեղ էր և այստեղ հաղթող ենք»,-ասաց նա և անդրադառնալով հայկական կողմի հարձակումներին՝ նկատեց, թե այս անգամ հայկական հաքերային խմբերը շատ ագրեսիվ էին գործում:
«Ես սպասում էի, որ մենք կտուժեինք, բայց փաստացի հակառակը եղավ»,-ասաց նա: