Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը մայիսի 17-ին ԱՄՆ Արևելյան թեմի հովվապետական այցելության շրջանակում պատարագ է մատուցել Նյու Յորքի Ս. Լուսավորիչ մայր եկեղեցում:
Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Նյու Յորքի հայկական եկեղեցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Պատարագին ներկա էր նաև ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը:
Իր պատգամի ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսել է մեր հավատքի, քրիստոնեության մասին: Ապա անդրադարձել է հայ ժողովրդի պատմության դժվարին օրերին` նշելով. «Չմոռանանք, որ մեր մեծ հայրերն ու մայրերն իրենց հավատքի շնորհիվ ապրեցին, վերապրեցին, գոյատևեցին և իրենց ազգային ու անհատական տունը վերակառուցեցին: Սա սովորական երևույթ չէ, հրաշքի համազոր երևույթ է, որովհետև մեր ժողովուրդն իր կյանքի առանցքը դարձրեց հավատքը, Քրիստոսը մնաց մեր հավատքի ամրակուռ ժայռը և Քրիստոսը մեր առջև բացեց հույսի ու հարության ճնապարհը»:
Պատարագից հետո տեղի է ունեցել աջհամբույրի արարողություն:
Նույն օրը Նյու Յորքի «Բալաս» պանդոկում պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպվել ի պատիվ Վեհափառ Հայրապետի, որտեղ ներկա է գտնվել երեք հարյուր մարդ: Վեհափառը մշակութային բեղմնավոր գործունեության համար Կիլիկիո կաթողիկոսության Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշանով պարգևատրել է մի խումբ անձանց` Ջորջ Բուրնությանին, Վազգեն Ղուկասյանին և Հրաչ Զադոյանին: