Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, ով նաև Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի նախագահն է, աշխատանքային հանդիպում է ունեցել խորհրդի ընդհանուր քարտուղար հայր Միշել Ժալըխի և փոխքարտուղար Իլիաս Հալապիի, ինչպես նաև տեղեկատվական և մարդասիրական բաժանմունքների տնօրենների հետ:
Արամ Առաջինը քննարկել է Սիրիայի քրիստոնեական համայնքերին օգնություն տրամադրելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանը:
Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են Սիրիայի քրիստոնեական համայնքներին կատարվող մարդասիրական օժանդակությունն ավելի կազմակերպ հիմքերի վրա դնելու հնարավորությունները:
Արամ Առաջինը հանձնարարել է այս հարցում պահպանել կապը Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպական խորհրդի հետ առնչվող մարդասիրական ծառայություն մատուցող կառույցների հետ` նրանցից ապահովելու անհրաժեշտ օգնությունը: Նա կարգադրել է նաև Սիրիայի տարբեր շրջաններում ստեղծել աշխատանքային մարմիններ:
Արամ Առաջինն ընդգծել է, որ Սիրիան առաջիկայում պետք է ընթանա դեպի վերականգնում և վերակազմակերպում, հետևաբար Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդը պետք է պատրաստ լինի ամբողջական աջակցություն տրամադրել քրիստոնյա համայնքներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև հարցեր` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի և միջեկեղեցական այլ մարմինների հետ համագործակցության վերաբերյալ: