«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում հիմնադրամի պատվիրակությունը՝ կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ին մեկնարկել է իր վեցօրյա հաշվետու այցելություններն Արցախում եւ Հայաստանում իրականացվող ծրագրերի վայրեր:
«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունն այցելել է Արցախ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամիփոխանցմամբ՝ պատվիրակությունն ուղեւորվել է Արցախ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհով, որի ասֆալտապատումը կառուցման երկրորդ փուլով կշարունակվի:
Մայիսի 21-ին հիմնադրամի պատվիրակությունը մեկնել է Ասկերանի շրջան, որտեղ հանդիսավորությամբ բացվել են Պատարա եւ Խանցք գյուղերի նորակառույց համայնքային կենտրոնները: Պատարայի համայնքային կենտրոնը կառուցվել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ (ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ): Երկհարկանի շինությունը մեկ տանիքի տակ կենտրոնացրել է գյուղի բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը, գյուղապետարանը: Կից կառուցված հանդիսությունների սրահն էլ կծառայի համայնքի միջոցառումներին: Ֆրանսահայ համայնքի հովանավորությամբ նեկայումս Արցախում կառուցվում են մի շարք համայնքային կենտրոններ եւ կրթօջախներ:
Խանցք գյուղի նորակառույց համայնքային կենտրոնը կյանքի է կոչվել հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Երկհարկանի կառույցում կենտրոնացած են գյուղապետարանը, գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասրահը: Կից կառուցվել է հանդիսութունների սրահ` նախատեսված 150 հոգու համար: Ժամանակակից հարմարություններով համալրված այս համալիր կառույցները առավել հարմարավետ կդարձնեն համայնքի կյանքը:
Բացման արարողությանը հաջորդել է պատվիրակության այցելությունը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի մանկապարտեզ, որի կառուցման համար միջոցները հավաքագրվել են Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Շուրջ 420 քմ տարածք զբաղեցնող մարկապարտեզում խնամք եւ ուսում կարող է ստանալ մինչեւ 70 երեխա: Անմիջապես մանկապարտեզի հարեւանությամբ Տորոնտոյի մեր հայրենակիցների միջոցներով կառուցվում է նաեւ համայնքային կենտրոն:
Երեկոյան հյուրերի պատվին համերգով հանդես կգան Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաները: Ընդամենն ամիսներ առաջ Հիմնադրամի ջանքերով վերակառուցված այս կրթօջախն իր հարկի տակ հյուրընկալում է ամենատարբեր կրթական եւ մշակութային միջոցառումներ: Անցյալ տարի դպրոց է այցելել եւ Ստեփանակերտում համերգով հանդես եկել իսպանացի հանրաճանաչ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: