Աշխարհահռչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է, հաղորդվում է Արցախի Հանրային հեռուստատեսության կայքում։
Աշխարհահռչակ երգչուհի Լյուբով Կազարնովսկայան Ղարաբաղում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: newsarmenia-ի փոխանցմամբ՝ Կազարնովսկայան կանցկացնի վարպետության դասեր Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջում։ Իր այցի ընթացքում նա ծրագրում է ունկնդրումներ կազմակերպել երգչախմբերի հետ։
Երգչուհու խոսքով` ղարաբաղցի կատարողները փայլուն ձայներ ունեն, նրանց հետ հետաքրքիր է, կարելի է աշխատել և հասնել լավ արդյունքների` այդ կերպ նրանց համար ճանապարհ հարթելով դեպի մեծ կյանք։
«Սա այն հողն է, որտեղ պետք է ստեղծագործել, սա այն հողն է, որտեղ հիմա հանգիստ չէ, սակայն նման միջոցառումներով միայն կարելի է մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծել այն մասին, որ պետք չէ վախենալ Ղարաբաղ այցելելուց։ Այստեղ կարելի է բացել հոգին և սիրտը և միասին արարել»,– նշել է Կազարնովսկայան։
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել օպերային երգչուհու հետ համագործակցության մասին շուրջ մեկ տարի առաջ` Արցախ կատարած նրա առաջին այցելության ժամանակ։
ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել է, որ գաղափար է ծագել Արցախում ներկայացնել Վերդիի «Ռեքվիեմը» և այդ գաղափարի հետ որոշել է զուգահեռ կազմակերպեկ վարպետության դասեր։
«Իմանալով, որ Ղարաբաղում ծրագրվում է «Տնջրե» երիտասարդ կատարողների չորրորդ միջազգային երաժշտական փառատոնի անցկացումը, Լյուբով Կազարնովսկայան ցանկություն է հայտնել փառատոնի շրջանակում կազմակերպել վարպետության դասեր»,– նշել է Աղաբալյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ ղարաբաղյան կատարողների համար նման վարպետության դասերն աննախադեպ հնարավորություն են նրանց ստեղծագործական կարողությունների դրսևորման և զարգացման համար։