Հայտնի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանն անցյալ շաբաթ առաջին անգամ այցելել է Թուրքիա, որտեղ հարցազրույց է տվել «Ակօս» հայկական պարբերականին։
Ատոմ Էգոյանն առաջին անգամ այցելել է Թուրքիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ատոմ Էգոյանը բազմիցս հրավիրվել է Թուրքիա՝ մասնակցելու փառատոների, սակայն չի ցանկացել գտնվել այնտեղ՝ արդարացի պատճառներով, վախով ու անհանգստությամբ պայմանավորված։
13 տարի առաջ նրա նկարահանած «Արարատ» ֆիլմը Թուրքիայում բացասաբար էր ընդունվել, և ցուցադրությունը չէին թույլատրել։
Էգոյանն այս անգամ գալու այլ պատճառ ուներ։ Էրիկ Նազարյանի և Հրանտ Դինքի դստեր՝ Սերա Դինքի հարսանիքի քավորն էր լինելու։
Երկիր, որտեղից աքսորվել էին իր պապերը, որպես տանտեր վերադարձավ։ Զարմացած էր, ուրախ, հուզված։
-Ինչո՞ւ ավելի վաղ Թուրքիա չեկաք։
-Ստամբուլի կինոփառատոնին մասնակցելու շատ հրավերներ ստացա։ Նամակով խնդրեցի, որ ինձ Հայոց ցեղասպանության մասին ազատ խոսելու հնարավորություն տան, սակայն դա երաշխավորող նամակ այդպես էլ չստացա։ Եթե ավելի խորը նայենք՝ որպես սփյուռքահայ Թուրքիա գալու հարցում դիմադրում էի։ Մտածում էի, որ դեռ չլուծված շատ հարցեր կան։
-Հեռվից և մոտիկից նայելու միջև ի՞նչ տարբերություն կա։
-Մենք՝ սփյուռքում ապրողներս, մոռացել էինք, թե թուրքերի հետ ինչպիսի հարաբերություններ ենք ունեցել։ Պատմությունն այդ հարաբերությունները դեն է նետել։ Այստեղ հասկացա, որ հարաբերությունները զարգանում են, կենդանի երկխոսության առկայությունը զգացի։
-Այդքան կարճ ժամանակահատվածում Թուրքիայում տեղի ունեցած փոփոխություններն ինչպե՞ս զգացիք։
-Մի քանի բան եղավ։ «Հրանտ Դինք» հիմնադրամ, «Ակօս» այցելեցի։ Տեսա, որ գոյություն ունենք։ Օտար լինելս չզգացի, և անմոռանալի մի զրույց ունեցա։ Արսինեի հետ (կնոջ-Tert.am) ռեստորանում էինք։ Կողքի սեղանին քուրդ ուսանող և դասախոս էին նստած։ Լսեցի, որ դասատուն «ցեղասպանություն» բառն է օգտագործում։ Առաջին անգամ այդ բառը Թուրքիայում հայ չեղող մեկից լսեցի։ Անմիջապես շրջվեցի դեպի այդ սեղանն ու ասացի. «Ներեցեք, ձեզ չեմ ճանաչում, սակայն այս զրույցին պետք է մասնակցեմ»։ Ինձ պատմեց, որ Դիարբեքիրից է, և թե ինչպես է իմացել Հայոց ցեղասպանության մասին։ Հասկացա, որ մինչև 1990-ականները քրդերն էլ Հայոց ցեղասպանությունը չէին ընդունում։ Սփյուռքից նայելով՝ այսօրվա գործընթացը դժվար է հասկանալ։ Հրանտ Դինքի սպանությունից հետո հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան։ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» ասացին։ Մենք կարծեցինք, թե դա «ցեղասպանության ճանաչում» է նշանակում, սակայն իրականում «Հրանտ ենք» ասելով՝ խոսքի ազատություն էին ուզում։
-Թուրքիայում ձեզ հիասթափեցնող դեպքերի ականատես եղա՞ք։
-Օսմանյան լուսանկարների պատմության ցուցահանդեսին գնացի։ Հայերի հետքը փնտրեցի։ Միայն մի տեղ էին հիշատակվում՝ 1905-ին Սուլթան Աբդուլհամիդ 2-րդի դեմ մահափորձի ժամանակ։ Այսինքն՝ Օսմանյան լուսանկարների պատմության մեջ հայերը դարձյալ որպես «ահաբեկիչ» էին ներկայացվում։
Ավելի ուշ կինոյի թանգարան մտա։ Այնտեղ ֆիլմ նկարած առաջին թուրքի արձանը կար... ինչ տարօրինակ պատճառ է շնորհավորելու համար։ Նրանից առաջ հայերը, ոչ մուսուլմանները ֆիլմեր են նկարահանել, սակայն անգամ չեն հիշատակվում։
Նաև մի աֆիշ կար. 1922 թվականին նկարահանված ֆիլմի պաստառ, որում դերասանների կեսը հայեր են։ Գիտենք, որ 1915-ից հետո էլ հայերը մեծ դերակատարություն են ունեցել ֆիլմարտադրության մեջ։